ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Հիմնական ընդդիմադիր ուժերը մտնում են էժան խաղի մեջ

Հիմնական ընդդիմադիր ուժերը մտնում են  էժան խաղի մեջ
14.04.2026 | 17:24

Հայաստանի ընդդիմադիր դաշտը հիմնականում գործում է Նիկոլ Փաշինյանի գրած կանոններով։ Բերեմ փաստեր.

1. Նիկոլը մշտապես ասում է, թե փորձառու քաղաքական գործիչները, այլ կերպ ասած, նախկինները չպետք է տեղ ունենան քաղաքական դաշտում, և պետք է պայքարի մեջ մտնեն նոր մարդիկ։ Եվ այդ հիմար մտքին հետևելով՝ ընդդիմության մեծ մասը նախընտրում է առաջին պլան բերել անփորձ անձանց, իսկ անփորձին սխալ ուղու վրա դնելը, պահի տակ որոշում կայացնելու դրդելը հեշտ է, էլ չասեմ ազդեցության տակ գցելը։

2. Նիկոլը կարողացել է Ռոբերտ Քոչարյանին դարձնել վախենալու մարդ, և, այդ քարոզին ևս հետևելով, ընդդիմադիր բազմաթիվ ուժեր անընդհատ արդարանում են, թե հաջողության հասնելու դեպքում հաստատ չեն համագործակցի Քոչարյանի հետ։ Ինձ զարմացրեց հատկապես Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ինքը բացառում է Քոչարյանին պաշտպանելը։ Այսինքն, եթե Քոչարյանի գլխավորած դաշինքը ամենաշատ ձայներ հավաքի, Ծառուկյանը պիտի մերժի նրան միայն այն պատճառով, որ չասե՞ն քոչարյանական։

3. Նիկոլը կարողացել է քաղաքական խոսույթը ձևավորել «խաղաղություն» բառի շուրջ, և ընդդիմության հիմնական խաղացողները հետևում են այդ կանոնին։ Ամեն մեկը իր պատկերացրած ձևով է անդրադառնում խաղաղության պահպանմանը և ամեն մեկը փորձում է արդարանալ, թե ինքը պատերազմ չի բերի, եթե իշխանության գա։ Մինչդեռ նա, ով երկիրը հասցրել է այս աղետալի վիճակին, ով պատերազմ է բերել ու Արցախը դավաճանաբար հանձնել է թշնամուն, այսօր մյուսներին մեղադրում է պատերազմի կողմնակից լինելու համար։ Ցավոք, ընդդիմությունը մեծ մասամբ արդարանում է այդ առումով։

4. Նիկոլը նախընտրական պայքարը իջեցրել է ամենացածր մակարդակի՝ մտնելով բամբասանքի ու հայհոյանքի դաշտ։ Դա իրեն հարազատ ձև է, դա միջոց է, որտեղ Նիկոլն իր թիմով մրցակից չունի, բայց երբ ընդդիմությունը մտնում է այդպիսի խաղի մեջ, անպայման պարտվելու է։

Ցավոք, հիմնական ընդդիմադիր ուժերը գնում են Նիկոլի գծած կանոններով ու իրենք էլ են մտնում այդ էժան խաղի մեջ։ Այնինչ, ժողովրդին պետք է տալ իրական ազգային բարձր արժեքներ, պետք է խոսել ոչ թե հայհոյանքի կամ բամբասանքի լեզվով, այլ քաղաքակիրթ ու կառուցողական ծրագրերով։ Եթե թվում է, թե ժողովուրդը դա չի հասկանա, ապա դուք շատ վատ եք ճանաչում մեր ժողովրդին, իսկ երբ վատ ես ճանաչում նրան, ումից ձայն ես խնդրում, ապա չես ստանա այդ ձայնը։

Ես դեռևս մտավախություն ունեմ, որ ժողովրդի մեծ մասը կբոյկոտի ընտրությունները և չի մասնակցի, քանի դեռ հիմնական ընդդիմադիր ուժերը գործում են Նիկոլի գրած նախընտրական քարոզչության կանոններով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3846

Մեկնաբանություններ